ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ե՞րբ է գալու Ղարաբաղի ճանաչման ժամանակը

Ե՞րբ է գալու Ղարաբաղի ճանաչման ժամանակը
27.11.2014 | 12:49

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում «Ժառանգություն» կուսակցությունը դարձյալ բարձրացրեց Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը: Հիմնավորումը մոտավորապես այն է, որ Հայաստանն առանց Արցախի չպետք է մաս կազմի որևէ միության: Փաստարկն այնքան էլ համոզիչ չէ, որովհետև Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը մեխանիկորեն չի հանգեցնելու ԵԱՏՄ-ին նրա մաս կազմելուն, հետևաբար՝ մաքսակետի հարցը դրանով չի լուծվում: Հայաստանն Արցախի անկախությունը կարող էր ճանաչել զինադադարի կնքումից անմիջապես հետո՝ 1994-ին, երբ միջազգային հանրությունը դեռևս բավարար չափով դեֆակտո ընդունում էր ԼՂՀ սուբյեկտայնությունը: Սակայն Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը գնաց այլ ճանապարհով՝ համարելով, որ առաջնահերթություն է կարգավորման գործընթացի միջոցով ԼՂՀ միջազգային ճանաչումը: Մոտեցումներից ո՞րն է ճիշտ՝ ցույց կտա միայն ժամանակը, որովհետև արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցում, զգայական, էմոցիոնալ որոշումները հաստատ չեն նպաստելու հաջողությանը: Մի բան կարող եմ արձանագրել, որ այսօր միջազգային համատեքստի տեսանկյունից՝ ԼՂՀ-ն շատ ավելի շահեկան, բարենպաստ վիճակում է, քան Ռուսաստանի կողմից միակողմանիորեն ճանաչված Հարավային Օսիան կամ Աբխազիան: Վրաստանին նախկինում մաս կազմած այս տարածաշրջաններն աշխարհն ընկալում է որպես Ռուսաստանի կողմից փաստացի «կլանված» տարածքներ, ինչը գրեթե զրոյական է դարձրել նրանց միջազգային ճանաչման հեռանկարը: Եթե այսօր Հայաստանը միակողմանիորեն ճանաչի ԼՂՀ-ն, ապա էապես բարդացնելու է նաև Արցախի շուրջ ստեղծված վիճակը, որովհետև դա փաստացի նշանակում է հրաժարում ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության առաքելությունից՝ պատերազմի վերսկսման կամ Հայաստանի ու նաև Արցախի միջազգային մեկուսացման հեռանկարով: Հայաստանը նման շռայլություն իրեն թույլ տալ չի կարող, իսկ Արցախի անկախությունը միակողմանիորեն կարող է ճանաչել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանն ինքը բացահայտորեն հրաժարվի կարգավորման գործընթացից՝ լայնածավալ պատերազմ սանձազերծելով: Եթե ֆորսմաժորային որևէ իրավիճակ չլինի, կարգավորման ցանկացած տարբերակ, ի վերջո, հանգեցնելու է Արցախի անկախության ճանաչմանը՝ անմիջապես կամ որոշակի ընթացակարգի արդյունքում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ